Տիգրան Սարգսյանի կառավարության վիճակն այնքան է վատացել, որ այն քննադատում են: Ամփոփելով քաղաքական տարին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Նա մանրամասնեց, որ ՀՀ կառավարությանը քննադատում է օրինակ` Արժույթի միջազգային բանկը:
Ա. Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտի վրա ազդող ամենակարևոր գործոններին` դրանցից առաջնայինը համարելով ՌԴ Պետդումայի ընտրությունները: Բանախոսի համոզմամբ` ռուս հասարակությունը գնում է դեպի ավելի ձախ, կոմունիստական ուղղությամբ:
Բանախոսի կարծիքով` Հայաստանը նույնպես շատ ավելի զգայուն է դառնալու ձախ սոցիալիստական ուղղության հանդեպ: Խոսելով ՀՀ քաղաքական կյանքի մասին` Ա. Կարապետյանը նկատեց, որ իշխանության մեջ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ լուրջ քննարկումներ են ընթանում:
«Կա կոալիցիա, որի նկատմամբ վերաբերմունքը բացասական է: Սա դառնալու է ընտրությունների գլխավոր մեխը»,- կանխատեսեց ՆԺԿ ղեկավարը: Ըստ Ա. Կարապետյանի` Հայաստանը Վրաստանի հետ մտնում է ոչ ճիշտ խաղի մեջ, որի մի կողմը Վաշինգտոնն է:
Վերադառնալով ՌԴ Պետդումայի ընտրություններին` նա նկատեց, որ հետընտրական այս ճգնաժամը կանխատեսելի էր. կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Նա առանձնացրեց երկու պատճառ: «Ռուսաստանում կյանքի որակը այնքան բարձր չէ, որպեսզի հետընտրական գործընթացներ չլինեն, այսինքն` կա դժգոհություն: Երկրորդն այն է, որ իսկապես կա Արևմուտքի միջամտությունը: Եվրախորհրդարանը որոշում է կայացրել, որ պետք է չեղյալ համարել այս ընտրությունները: Շատ ավելի խստ իրավիճակում այսպիսի խիստ պայմաններ չեն դրվել. Հայաստանում մարդիկ սպանվեցին, և ոչինչ չեղավ»,- ամփոփեց Ա. Կարապետյանը` ասելով. սա է քաղաքականությունը:







































