Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը քիչ հավանական է համարում, որ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնան միասնական ցուցակով: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Նրանք դժվար գնան միասնական ցուցակի, որովհետև առանձին ցուցակով գնալը նեղացնում է Հայ ազգային կոնգրեսի սոցիալական բազան: Իսկ երկու քաղաքական ուժերի շահերից էլ բխում է, որ ՀԱԿ-ն Ազգային ժողովում մեծ թվով պատգամավորներ չունենա և չկարողանա որակական մեծամասնություն ստեղծել: Իսկ եթե հանկարծ ստացվի այնպես, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասնական ցուցակ կազմեն, դա կնշանակի, որ մենք կունենանք եռաբևեռ քաղաքական դաշտ՝ բաղկացած կոալիցիայից, ՀԱԿ-ից և ՀՅԴ-ից ու «Ժառանգությունից»:
Ընտրողների գործը մի քիչ կհեշտանա, նրանք ավելի կողմնորոշված կլինեն: Միասնական ցուցակ կազմելու դեպքում ոչ մի քաղաքական ինտրիգ էլ չի լինի, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կվերադառնան նախկին դիրքերին, ինչպես եղել է նախորդ ընտրությունների ժամանակ, երբ որ մեծամասնականում իրար օգնում էին»,- նկատեց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի՝ միասնական ցուցակով հանդես գալու պարագայում դժգոհ զանգված անպայման կառաջանա, որն իր քվեները կտա ոչ թե ՀԱԿ-ին, այլ ավելի շուտ՝ ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»: «Դա ընտրողների այն հատվածն է, որը ՀԱԿ-ին չի համակրում»,- ամփոփեց նա:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2012 թվականի մայիսին:







































