Մենք այն երջանիկներից ենք, որ միակ միջազգային բրենդն ենք շուկայում ներկայացված, ու այն, ինչ մենք գրում ենք, այն ամենը, ինչ անում ենք, համապատասխանում է Cosmopolitan-ի միջազգային ձևաչափին: Այդ առումով մենք լիովին ազատ ենք և պարտավոր ենք ուղղակի ենթարկվել այդ բրենդի չափանիշներին ու կանոններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Cosmopolitan Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը` խոսելով մեր երկրում խոսքի ազատության սահմանափակումների մասին:
«Cosmopolitan ամսագիրը խոսքի ազատության հետ խնդիրներ չունի, քանի որ քաղաքականացված չենք այդ առումով»,- նշեց Հ. Ութմազյանը` հավելելով, որ իրենք արծարծում են թեմաներ, որոնք հիմնականում վերաբերում են կանանց:
Ինչ վերաբերում է Հայաստանում խոսքի ազատության վիճակին, ապա նա ընդգծեց, թե «կասկածում է, որ Հայաստանում խոսքի ազատություն կա»: «Կարծում եմ, որ խոսքի ազատություն մեր երկրում ընդհանուր առմամբ չկա: Այն, ինչ կատարվում է հիմա, ավելի շատ քաղաքական դաշտում է կատարվում»,- համոզմունք հայտնեց նա` նշելով, որ փոքրիկ քայլերով գուցե և ինչ-որ հաջողությունների հասնենք:












































