2003թ. այս օրը Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը 107 կողմ, 67 դեմ և 11 ձեռնպահ (15 բացակա) ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը։
Տեքստի նախաբանում նշված է, որ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը ճանաչում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը և խնդրում Դաշնային խորհրդինՙ Շվեյցարիայի կառավարությանը, սույն դիրքորոշումը փոխանցել դիվանագիտական խողովակներով։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իշխանությունների հրամանով տեղահանման և ջարդերի միջոցով մեկ միլիոնից ավելի հայերի բնաջնջումը անհերքելի փաստեր են իրենց նշանակությամբ թե ծավալով և հիմք են ծառայել Ցեղասպանության հասկացության սահմանման համար, ասվում է բանաձևի մեջ։
Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ Շվեյցարիան արժանին է մատուցում զոհերին, փրկվածներին և նրանց ժառանգներին, ինչպես նաև նպաստում մարդկության դեմ այլ ոճիրների կանխարգելմանը, ասվում է բանաձևի մեջ։
Ընդունելով սույն բանաձևը՝ Ազգային խորհուրդը փափագում է նպաստել թուրքերի և հայերի միջև տևական խաղաղության հաստատմանը, որ կարող է ձեռք բերվել պատմական ճշմարտության հանդեպ ընդհանուր հայացքով, ասվում է բանաձևի մեջ։
1999-2003 թթ. շրջանառության մեջ գտնվող բանաձևի տեքստի հեղինակն է քրիստոնեա-դեմոկրատ Ժան-Կլոդ Վոդրոն, նորընտիր Ազգային խորհրդում համահեղինակ դարձավ վերջինիս կուսակից Դոմինիկ Բումանը։







































