Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նախօրեին դիմում է ներկայացրել` հրաժարվելով գյուղապետի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Քաջարան գյուղի տարածքում (գյուղում ապրում է 131 ընտանիք՝ 270-300 բնակիչ) փորձում են իրականացնել հանքեր շահագործելու ծրագրերը: Քաջարանցիների համար սա անակնկալ էր. կառավարությունը ապրիլին որոշում է կայացրել Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողից 27 հա-ն ճանաչել բացառիկ գերակա շահ:
Ի դեպ, հանքավայրի բաժնետոմսերի 60%-ը գերմանական «Քրոնիմետ» ընկերությանն է, որին այս օրերին բնապահպանական հասարակական կազմակերպությունները նամակ են հղել` նրանց հետ անձամբ հանդիպելու ակնկալիքով , սակայն մինչև հիմա արձագանք չեն ստացել:
Ըստ շրջանառվող լուրերի` բաժնետոմսերի մյուս մասը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, Կարեն Ճշմարիտյանին և Մաքսիմ Հակոբյանին, սակայն, որքան էլ զարմանալի է, վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում են շրջանառվող խոսակցությունները:
Մեզ հետ զրույցում Ռաֆիկ Աթայանը նշեց, որ վաղն էլ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամությունից դուրս գալու դիմում կներկայացնի:
«Ինձ ժամանակ էին տվել փաստաթղթի ստորագրման համար, ես իմ համաձայնությունն այդպես էլ չտվեցի, չստորագրեցի, ինձ ամեն կողմից ճնշումների էին ենթարկում: Սա սկզբունքի հարց է, ես մինչև վերջ պայքարելու եմ: Իմ տունը, տեղը, գերեզմանը այստեղ են. ես արյունով եմ պայքարելու»,- ասաց Ռ. Աթայանը:
Նա նաև նշեց, որ նախապես նամակներ էր գրել նախագահին, վարչապետին, կառավարությանը, սակայն մինչև այսօր պատասխան չի ստացել:
«Իրենց ոչինչ չի հետաքրքրում, իրենք իրենց բիզնեսով են հետաքրքրված, իրենց հետաքրքրում է միայն իրենց գրպանը»,- ասաց գյուղապետը` ավելացնելով, որ գյուղն այսօր մի մարդու պես ոտքի է կանգնել:
Հետաքրքրվեցինք` արդյոք հասցրե՞լ է կապ հաստատել Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանի հետ:
«Դա անիմաստ է, քանի որ նրանց հիմա միայն իրենց գրպանն է հետաքրքրում»,- կրկնեց Ռ. Աթայանը:








































