Վրաստանի համար Թուրքիան ՆԱՏՕ-ի չափանիշների լավագույն օրինակը չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Թուրքիայի` Վրաստանին անհատույց ռազմամթերք տրամադրելու փաստին:
Ըստ ռազմական փորձագետի` երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը նորություն չէ: «Վրաստանի ղեկավարության համար Թուրքիայի աջակցությունը նշանակում է մերձեցում դեպի ՆԱՏՕ: Վրաստանը մինչև պատերազմը ստացել է ռազմական օգնություն: Պատերազմից հետո մատակարարվել են թուրքական արտադրության զրահամեքենաներ և այլ սպառազինություն»,- նշեց Ա. Հովհաննիսյանը` հավելելով, որ Վրաստանի համար 1,7 մլն դոլար արժողությամբ ռազմամթերքը մեծ բան չէ:
Նրա համոզմամբ` Թուրքիայի կողմից տրվող անհատույց օգնությունը տպավորություն է ստեղծում, թե այդ երկիրը մեծահոգի է, սակայն իրականում Թուրքիան մեծ խնդիր ունի և ՆԱՏՕ-ի չափանիշների լավագույն օրինակը չէ. թուրք զինվորականները մինչ օրս Գերմանիայում են վերապատրաստվում, այսինքն` Թուրքիան լոկոմոտիվը չէ: Այս ամենը ռազմական փորձագետը բացատրում է Վրաստանի ղեկավարության արևմտամետ լինելու հանգամանքով:








































