Կին գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՔԾ որոշումից գոհ է այնքանով, որքանով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը զղջացել է, հրապարակավ ներողություն է խնդրել իրենից: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսում:
«Սյունիքի մարզպետի հետ երբեք կապ չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ունենա. ուղղակի ուզում եմ ապացուցել, որ նա ոչ անցյալ ունի, ոչ ապագա»,- ասաց նա` հավելելով. Սուրեն Խաչատրյանին «խնայեցին», գործը կարճեցին առաջիկա ընտրությունների պատճառով:
Անդրադառնալով «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում վերջերս տեղի ունեցած հայտնի միջադեպին`Սիլվա Համբարձումյանը նշեց. «Նա ինձ հարվածել է մեկ անգամ` գլխիս: Ուզում էր ոտքով հարվածել, բայց ընկերուհիս ընկավ իմ ու նրա միջև, ինչի արդյունքում էլ գլխիս հարվածեց: Նրա հետ առերեսում չի եղել: Բայց ես գոհ եմ, որ նրա նման կերպարը զղջացել է: Որտեղ նա առաջադրի իր պատգամավորական թեկնածությունը, ես էլ նույն տեղում եմ առաջադրվելու:
Ես քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել, բայց եթե ուզեմ` կմտնեմ: Եթե ուզեի, ինքս էլ կգնայի, կառաջարկեի, որ ինձ քաղաքականության մեջ վերցնեն: Տարիներ առաջ ինձ նույնիսկ նախարարական պորտֆելներ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ: Միաժամանակ` Սուրիկ Խաչատրյանի դեմ իմ պայքարը շարունակվում է: Նրա հարվածից ֆիզիկապես չեմ տուժել. խոսքը իմ արժանապատվության մասին է: Այսօր նրանից միայն մի պահանջ ունեմ` վերադարձնել ինձ պատկանող սարքը կամ դրա փոխարեն վճարել 102 մլն դրամ:
Նայեք նրա անցյալին, նրա եղբոր ու եղբոր որդիների անցյալին. Սուրիկ Խաչատրյանը «քցելու» ունակ մարդ է»:
Սիլվա Համբարձումյանը տեղեկացրեց, որ միջադեպի ամբողջական տեսագրությունն առաջիկա երեք օրերին իրենց ձեռքում կլինի:
«Մեր դատարաններն արդար չեն, կաշկանդված են»,- ասաց նա:
Խոսելով սեփական բիզնեսների մասին` կին գործարարը նշեց, որ Հայաստանում գնել է Ալբերտ Երիցյանին պատկանող հացի գործարանը, ավարտին է հասցնում այդ հսկայական գործարանի շինարարությունը:
«Իսկ ընդհանրապես` աշխատում եմ արտերկրում, հանքարդյունաբերության ոլորտում, ուղղակի այս գործերի պատճառով չեմ կարողանում նույնիսկ Գանա մեկնել, ինձ պատկանող հանքի բացումը կազմակերպել»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա, գործարարի փաստաբան Կարեն Թունյանը նկատեց. «Բավական լուրջ աշխատանք է կատարվել, որպեսզի գործը ներկայիս լուրջ տեսքն ունենա: Տեսել են` ինչպիսի պրակտիկա կա Հայաստանում և գտնելով մի գործ, որում ապտակը հանցագործություն չէ, պրակտիկան կիրառել են մեր դեպքում»:








































