«Առավոտ» օրաթերթը գրում է, որ քաջատեղյակ աղբյուրների մատուցմամբ` Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, որը հայաստանյան հանրությանը ծանոթ է համացանցի իր բլոգում հրապարակած ու նաև ռուսական ու հայկական մի քանի ԶԼՄ-ներում տարածված՝ ՀՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային և նույնաբովանդակ բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ:
Թերթը գրում է, որ իրեն հայտնի դարձած տեղեկությունների համաձայն` Մոսկվայում նա հայտնվել ու ակտիվորեն ներգրավվել է երկու հայտնի հայ գործարարների շրջապատում, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցները:
Խոսքը Կամո Ավագումյանի և Գենադի Ստեփանյանի մասին է՝ երկուսն էլ ծագումով Լեռնային Ղարաբաղից:
Թերթը հիշեցնում է, որ Կ. Ավագումյանը, որն այսօր էլ զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնականի և ԱՊՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի պաշտոնը, Մոսկվայում բավականին հաջող բիզնես ունի: Նա ՌԴ-ում «Ավիլոն» ընկերության սեփականատերն է և «Մերսեդես-Բենս» ընկերության ներկայացուցիչը, որը զբաղվում է Արևելյան Եվրոպայում «Մերսեդեսների» վաճառքով, այդ թվում`հիմնականում ՌԴ պետական գերատեսչություններին՝ ՆԳՆ, ԱԴԾ և այլն:
Ինչ վերաբերում է Գենադի Ստեփանյանին, ապա նա Ռ. Քոչարյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի, Մոսկվայում հայտնի «Երևան-Պլազա» առևտրաժամանցային համալիրի համասեփականատերն է և «Ստինկոմ գրուպի» տնօրենը:
«Մեր աղբյուրները փաստում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունում որոշ ժամանակ առաջ մտադիր են եղել Սմբատ Կարախանյանին ձերբակալել, թե իր հրապարակումների՞ կամ ա՞յլ առիթով, դժվար է ասել: Այս ծրագիրը, սակայն, կյանքի չի կոչվել, որովհետև մեր տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազի օգնական «Մերսեդեսի Կամոն» հանձն է առել Կարախանյանին զսպելու և հավաքագրելու այլընտրանքային տարբերակի իրականացումը և, թերևս, հաջողացրել է դա անել»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտը» դեռ երեքշաբթի օրվանից փորձում է կապ հաստատել Սմբատ Կարախանյանի հետ՝ այս տեղեկությունների առնչությամբ մեկնաբանություն կամ պարզաբանում ստանալու ակնկալիքով, բայց ապարդյուն, թեև նա հաղորդագրությունների տեսքով տեղեկացված էր մեր զանգերի շարժառիթի մասին:











































