Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի նեղանձնական կարծիքով՝ Հայաստանը իր տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման դիմաց պետք է այդ երկրից հստակ սահմանված տարեկան վարձավճար պահանջի: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ Բաքվում սկսված, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պայմանագրի երկարաձգման, վարձավճարի վերանայման շուրջ ռուս-ադրբեջանական բանակցություններին:
«Ռուսաստանն այստեղ ռազմաբազա ունենալու համար պետք է անպայման վճարի: Միաժամանակ, խնդիրների գնահատումից հետո միայն կարելի է տեսակետ հայտնել, թե ինչ նշանակություն ունի Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի անվտանգության համակարգում, որն է այդ դերը, և որն է այդ դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Երբ այս հարցերին իրական գնահատականներ տրվեն, վերջնականապես հստակեցվի, թե ում անվտանգությանը որ չափով է օգտակար ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում, հնարավոր կլինի խոսել համաֆինանսավորման և այն հարցի շուրջ, թե ով ում պետք է վճարի»,- նկատեց Արթուր Աղաբեկյանը:
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով, Ադրբեջանին Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն ընդհանրապես պետք չէ: «Այդ կայանի՝ Ադրբեջանում տեղակայված լինելը բխում է միայն Ռուսաստանի շահերից, և Ադրբեջանն արդարացիորեն է պահանջում ավելացնել վարձավճարի չափը, այնպես որ, չեմ բացառում՝ Ռուսաստանը ստիպված լինի ադրբեջանական կողմի թելադրած պայմաններով նոր պայմանագիր կնքել նրա հետ»,- նկատեց նա:
Ամփոփելով՝ Աղաբեկյանը նշեց, որ Ռուսաստանի տարածաշրջանային ներկայության տեսանկյունից նրա համար հավասարապես կարևոր են թե՛ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, թե՛ Հայաստանի տարածքում տեղակայված ռազմաբազան: «Դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:











































