Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորրեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել լոնդոնյան ակումբը:
Տորրեսը «Չելսի» տեղափոխվեց «Լիվերպուլ»-ից` 50 մլն ֆունտով, սակայն այդպես էլ չկարողացավ տեղ զբաղեցնել թիմի հիմնական կազմում: Գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը երկար ժամանակ հույսեր էր կապում «Էլ նինյո»-ի հետ, սակայն նրա համբերությունը նույնպես սպառվեց:
Իսպանացին «Չելսի»-ում վաստակում է շաբաթական 150.000 ֆունտ: 2011 թվականի հունվարին լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո Պրեմիեր Լիգայում Տորրեսը խփել է 3 գնդակ, ընդ որում` առաջին գոլը խփել է իր ժամանումից 13 խաղ անց:
Այժմ «Չելսի»-ն պատրաստ է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստին վաճառել ցանկացած թիմի, որը պատրաստ կլինի նրա տրանսֆերի դիմաց վճարել 20 մլն ֆունտ:










































