Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Կասպից ծովի ջրային բիոպաշարների հանձնաժողովի 32-րդ նիստը։
Նիստի ընթացքում իրանական կողմը մերձկասպյան երկրներին առաջարկել է ստեղծել հատուկ պահապան ջոկատներ, որոնք կկանխարգելեն ապօրինի ձկնորսությունը Կասպից ծովում։ Իրանական կողմն ընդգծել է, որ Իրանում արդեն իսկ գործում են նմանատիպ ջոկատներ, որոնք պայքարում են ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների դեմ։
Իրանական կողմի տվյալներով, վերջին տարիներին ձկնորսությունը կրճատվել է 90 տոկոսով։ Եթե 10 տարի առաջ Իրանը Կասպից ծովում որսում էր տարեկան 1000 տոննա ձուկ, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 100 տոննա։
Այս տարի Իրանը Կասպից ծով է բաց թողել 200 միլիոն ձուկ, որից 10 միլիոնը՝ թառափազգի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրանական կողմը հայտարարել էր, որ վերջին 30 տարիներին սև խավիարի արտադրությունը զգալիորեն նվազել է՝ ընդգծելով, որ եթե իրավիճակը շարունակի ընթանալ նույն տեմպերով, ապա 2021 թվականի դրությամբ թառափի որսն ու խավիարի արտադրությունն ամբողջությամբ կդադարի։








































