Փորձագետ Արեգ Թադևոսյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Մեր հայրենակիցները արդեն վաղուց ի վեր քաղաքակիրթ են: Ոչ ոք չի մոռանում զուգարան գնալուց հետո հետույքը սրբել զուգարանի թղթով: Ասում են` նույնիսկ մարդիկ կան, որ ամեն անգամ զուգարան գնալուց հետո ձեռքերն էլ են լվանում: Ամեն տարի 1,5 տոկոսով ավելանում է առավոտյան ատամները մածուկով և խոզանակով մաքրող քաղաքացիների թիվը: Ասում են` վերջերս որոշ ծայրահեղականներ սկսել են նույնիսկ երեկոներն էլ մաքրել ատամները: Հիշելով հանդերձ օզոնի շերտին հասցվող վնասի մասին` մենք սկսել ենք ավելի ու ավելի մեծ թափով պայքարել հայկական թևատակի անուշաբույր ֆենոմենի դեմ…
Մի խոսքով, եթե քաղաքակրթության մյուս ասպեկտները դեռ անքան էլ մեզ չեն հասել, ապա անձնական` ՖԻԶԻԿԱԿԱՆ հիգիենայի պարզագույն կանոնների ոլորտում իրական հեղափոխություն է տեղի ունենում: (թու թու թու… հանկարծ աչքով չտամ, բայց) Միգուցե հեռու չէ այն օրը, որ ամառային երթուղային տաքսիում պատահական կերպով հայտնված արտասահմանցին այլևս ուշագնաց չի լինի մեր ազգային բույրերի ծաղկեփնջի հետ շփման պատճառով:
Ֆիզիկական աշխարհում տեղի ունեցող այս փոփոխությունները թույլ են տալիս որոշ ֆուտուրոլոգների ենթադրել, որ հեռու չի այն պահը, որ մարդիկ պարզ անալոգիայի օրենքով կսկեն մտածել նաև մտավոր, հոգևոր և զգայական հիգիենայի մասին: Ախր դժվար չի ենթադրել, որ եթե մի կիլոգրամ խաշ-խորոված ուտելու հետևանքով գոյանում է որոշակի քանակի նյութափոխանակության արգասիք և այն պետք է որոշակի ծեսի միջոցով հեռացվի օրգանիզմից և ձեր բնակության մոտակա շրջակայքից, ապա ԿԱՐՈՂ է, որ նման գործընթաց տեղի է ունենում նաև մեր մտավոր, զգայական և հոգևոր դաշտերում… Ու միգուցե կարելի է այնպես անել, որ “այդ վայրերում” կուտակվող աղբն էլ սկսվի մաքրվել և հեռացվել…
(Այստեղ հետաքրքասեր ընթերցողը պետք է հարցնի «Էդ տիպա, Ո՞ՆՑ»)
Պատասխանում ենք… Մարդկության պատմության ընթացքում գրեթե չեն մնացել նոր պրոբլեմներ: Եթե Դուք այսօր Ձեզ համար «հայտնաբերել եք» մի նոր հետաքրքրական խնդիր, ապա 99,99 տոկոս հավանականությամբ այդ խնդիրը արդեն բազում հազարավոր անգամներ տարբեր ձևերով լուծվել է մարդկության տարբեր խմբերի կողմից…
Հազարավոր, միգուցե նաև տասնյակ հազարավոր տարիներ ի վեր մարդյությանը հայտնի են մտավոր, զգայական և հոգևոր հիգիենայի պահպանման բազմահազար տեխնիկաներ և մեթոդաբանություններ: Դրանք եղել են բոլոր կրոններում և հոգևոր ավանդույթներում` աղոթքների, մեդիտացիաների, ուխտագնացությունների, ծոմապահությունների և այլ տեխնիկաների և ծեսերի տեսքով… Այժմ իսկ բոլոր զարգացած, զարգացող և բացարձակ չզարգացած երկրներում առկա են բազմահազար մարտարվեստների, յոգայի, այուրվեդայի, ցի գունի և տայ ցզի-ի (էլ որն ասեմ, էլ որը…) և այլ և այլ դպրոցներ, կենտրոներ և ուսմունքներ; Միայն պետք է ձեռքը մեկնել ու հենց մեր քաղաքի գրախանութների դարակներից մեզ վրա կթափի տոննաներով գրականություն այս և հարակից թեմաների մասին:
Իհարկե, որակյալ աղբյուրների խնդիրը լուրջ է, բայց եթե քաղաքից դուրս այցելության ժամանակ թփի տակ աճող խոտաբույսի տերևներն էլ են կարող զուգարանի թղթի դեր կատարել, ապա նույնիսկ անորակից սկսելն էլ վատ չի լինի: Այնպես որ, հույսեր կան, որ շուտով անձնական հիգիենայի խնդիրները մեր երկրում դուրս կգան նոր հորիզոններ և ֆուտուրոլոգները այդ ոլորտի մութ շրջանի վերաբերյալ աշխատանքների դափնին կհանձնեն պատմաբաններին:









































