Քաղաքապետարանից ասում են, որ խփում են, խփել են և խփելու են թափառող կենդանիներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության նախագահ Նարե Արամյանը` խոսելով թափառող կենդանիների հիմնախնդիրների շուրջ:
Ըստ բանախոսի` թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման նպատակով ծրագիր է ներկայացվել քաղաքապետարան, սակայն վերջին վեց տարիների ընթացքում խնդիրն էլ ավելի է սրվել:
«Շները չեն նվազել, այլ ավելացել են և ագրեսիվ դարձել: Ամբողջ աշխարհի կենդանասերները ֆիքսել են, որ դրանց զանգվածային ոչնչացումը խնդիրներ է հարուցում: Ինչո՞ւ է քաղաքապետարանը տարեցտարի ոչ ադեկվատ վերաբերմունք դրսևորում խնդրի լուծմանը: Մեծ Բրիտանիան , ֆրանսիան և այլ քաղաքակիրթ երկրներ կենդանիների խնդիրները լուծում են ստերջացման եղանակով»,- տեղեկացրեց կենդանասերը`հավելելով, որ կան կամավորներ, ովքեր զբաղվում են թափառող կենդանիների խնդիրներով:
Նա նաև նշեց, որ պատրաստակամություն են հայտնել անվճար օգնել քաղաքապետարանին, որպեսզի գումարները նպատակային ծախսվեն:
Անդրադառնալով խնդրի լուծման եղանակներին` նա ասաց, որ պետք է կիրառել ստերջացման մեթոդը: Այժմ Նարե Արամյանը և մի շարք կամավորներ, համագործակցելով կենդանաբույժների հետ, իրականացնում են ստերջացում` յուրաքանչյուր շան համար վճարելով 5 հազար դրամ: Ն. Արամյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանում իրենց ներկայացրած շատ ծրագրեր անտեսվում են, իսկ կենդանիների ոչնչացումը շարունակվում է:







































