Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հայտարարեց 2011 թվականի ուժեղագույն թենիսիստների անունները: Սերբ Նովակ Ջոկովիչը ճանաչվեց անհատական մրցապայքարի «Տարվա լավագույն թենիսիստ»: Ջոկովիչի համար այդ մրցանակն իր մարզական կարիերայում դարձավ առաջինը:
2003 թվականից սկսած ITF-ն այս մրցանակը հանձնում էր կա՛մ Ռոջեր Ֆեդերերին, կա՛մ Ռաֆայել Նադալին: 2011 թվականի մրցաշրջանում Նովակը հաղթող ճանաչվեց «Մեծ սաղավարտ»-ի 3 մրցաշարերում և դարձավ աշխարհի առաջին ռակետը: Իր մրցանակը Ջոկովիչը կստանա 2012 թվականի հունիսի 5-ին` Փարիզում` «Ռոլան Գարրոս»-ի ժամանակ:










































