Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ի և ԵԽ-ի ղեկավարությանը՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Իրաքի հյուսիսում եզդի ազգաբնակչության հանդեպ քրդերի բռնի գործողությունները և պատժել հանցագործներին: Այս մասին նա հայտարարեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այդ նամակները հանձնել ենք երեկ: Բանն այն է, որ 300-400 քրդեր հարձակվել են եզդիներով, ասորիներով, հայերով, այլ քրիստոնյաներով բնակեցված մի շարք բնակավայրերի վրա, այրել նրանց տները, խանութները՝ ճիշտ Սումգայիթի նման: Թեպետ սպանվածների մասին տեղեկություններ դեռևս չունենք, սակայն գիտենք, որ գյուղերից մեկում եզդիներն իրենց վրա հարձակված քրդերից զենքերով են պաշտպանվել: Այդ ամենը համացանցով եմ տեսել, նաև բազմաթիվ զանգեր եմ ստացել»,- ասաց Թամոյանը:
Նա նշեց, որ ՄԱԿ դիմել են հույսով, որ այդ կառույցը կպաշտպանի իրաքաբնակ եզդիներին, թույլ չի տա, որ քրդերը ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն նրանց հետ: «Սա առաջին դեպքը չէ, երբ մեզ մեր հայրենիքից, մեր բնօրրանից տեղահան են անում: Մի քանի տարի առաջ Իրաքում եզդիներով բնակեցված երկու գյուղ հրկիզեցին, հողին հավասարեցրին: Նպատակը մեկն է, որպեսզի եզդիներին, ասորիներին և հայերին մաքրեն այնտեղից»,- ասաց Ազիզ Թամոյանը:








































