Արաբական աշխարհի գարնանային և աշնանային հեղափոխությունների արդյունքում քրիստոնյա բնակչությունը բավական մեծ վնասներ է կրել, և չի բացառվում, որ Սիրիայում արմատական կազմակերպությունների իշխանության գալով՝ քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, վնասներ կրեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մտավախություն հայտնեց Լիբանանում լույս տեսնող «Արարատ» օրաթերթի խմբագիր Ահարոն Չխրտմյանը:
«Սիրիահայերը, որպես աշխատասեր, օրենքը հարգող և մշտապես իշխանությունների կողքին կանգնած ժողովուրդ, կարող են, սակայն, ընդդիմադիր ուժերի իշխանության գալով որոշակի կորուստներ ունենալ: Իսկ թե ինչ չափերի կհասնեն այդ վնասներն ու կորուստները, դժվար է ասել: Մտահոգությունը միշտ կա. երբ իշխանության փոփոխություն է տեղի ունենում, փոքրամասնությունները մշտապես տուժում են:
Միաժամանակ, սիրիահայ համայնքը նախագահ Ասադի իշխանության օրոք որևէ դժվարություն չի ունեցել, բայց թե ապագան ինչ կբերի, ոչ ոք չի կարող ասել: Ոչ ոք չի կարող ասել, թե նոր իշխանությունները կերաշխավորե՞ն արդյոք հայ համայնքի անվտանգությունը: Եթե այսօր Սիրիայում իշխանափոխություն լինի, մինչև նոր իշխանություններն իրենց դիրքերն ամրապնդեն, այդ ընթացքում կարող են չնախատեսված մի շարք իրադարձություններ տեղի ունենալ, որոնք ուղղակի կվերացնեն փոքրամասնություն կազմող քրիստոնյաներին»,- ամփոփեց Ահարոն Չխրտմյանը:







































