Wikipedia օնլայն հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուելսը հայտարարել է, որ ժամանակավորապես փակելու է այն` ի նշան բողոքի ԱՄՆ «հակածովահենային» օրենքի՝ SOPA (Stop Online Piracy Act) նախագծի ընդունման դեմ:
Այդ մասին Ուլեսը հայտնել է Wikipedia-ի իր անձնական էջում: Ռեսուրսի փակման Ուելսի առաջարկը քվեարկության կդրվի գրանցված օգտատերերի շրջանում:
Օրենքի նախագծի ընդունմամբ իրավատերերը կարող են անջատել ցանկացած կայք: Ուելսը այդ նախագծի դեմ որպես բողոքի միջոց է առաջարկում ռեսուրսը ժամանակավորապես փակելը` օրինակ վերցնելով իտալացի գործընկերներից: Իտալիայում այսպիսի քայլ արվեց համանման օրենքի նախագծի դեմ, որը հետագայում վերանայվեց:
SOPA օրենքի նախագծով առաջարկվում է դատարանի վճռով անջատել ցանկացած ինտերնետ ռեսուրսի ցանցի մուտքը, որի միջոցով տարածվում է ոչ արտոնագրված բովանդակությունը, եթե նույնիսկ ռեսուրսի սեփականատերն ընդհանրապես կապ չի ունեցել այդ բովանդակության տարածման հետ:
Եթե օրենքի նախագիծն ընդունվի, իրավատերերը կարող են դատի տալ ցանկացած օգտատիրոջ և ուղղակի հարված հասցնել նույնիսկ խոշորագույն ինտերնետ ընկերություններին:
SOPA-ի դեմ են հանդես գալիս նաև Facebook, Twitter, Mozilla, eBay և Google ընկերությունները: Օրենքի նախագծի քվեարկությունը կայանալու է դեկտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին առընթեր հատուկ հանձնաժողովում:






































