WPP գովազդային հսկան որոշել է չինական ամենաթանկ ապրանքանիշները:
Ինչպես հայտնում է BBC-ն, ցուցակը կազմված է 50 հորիզոնականից: Առաջին տեղ զբաղեցնում է China Mobile ապրանքանիշը, որի արժեքը ներկայումս կազմում է 53,6 միլիարդ դոլար: Այս ընկերությունը բջջային կապի ծառայություններ է մատուցում ավելի քան 600 միլիոն բնակչի, որը նրան դարձնում է աշխարհի ամենամեծ բջջային օպերատորը: China Mobile ապրանքանիշը ճանաչվել է ամենաթանկը օպերատորի հաջողակ բիզնես-ռազմավարության և հաճախորդների հետ հրաշալի փոխադարձ կապի շնորհիվ:
Ցուցակում այնուհետեև իրար են հաջորդում ֆինանսական սեկտորի մի շարք ընկերություններ, մանավորապես ICBC, China Construction Bank, Bank Of China և Agricultural Bank Of China բանկերը: Վեցերորդ հորիզոնականում հայտնվել է Baidu համացանցային որոնիչը, այնուհետև գալիս է China Life ապահովագրական ընկերությունը: Տասնյակի մեջ մտնում են նաև Sinopec նավթային, PetroChina նավթագազային և Tencent հեռահաղորդակցության ընկերությունները:
Չինական ապրանքանիշների արժեքների հետազոտությունն անցկացրած Միլվորդ Բրաունի խոսքերով՝ ապրանքանիշների նշանակությունը արագ աճում է, քանի որ ավելի ու ավելի շատ չինացիներ ինչ-որ բան գնելուց արդեն առաջնորդվում են ապրանքանիշներով:
Նշենք, որ հուլիսին հայտնվել էր, որ Sony-ին ճանաչվել է ամենաթանկ ասիական ապրանքանիշ:











































