Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի առաջնորդները պայմանավորվել են Իրանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները կարող են ունենալ ոչ միանշանակ հետևանքներ։ Չնայած Սպիտակ տան այդ դիրքորոշմանը՝ Իրանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցները ստացել են թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների աջակցությունը։
Նշվում է, որ Իրանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցները տեսականորեն կարող են մեծ գլխացավանք դառնալ Թեհրանի համար։ Եթե այդ պատժամիջոցները սահմանվեն, ապա Իրանը կարող է զգալիորեն կտրվել միջազգային ֆինանսական համակարգից։
Հիշեցնենք, որ ըստ այդ պատժամիջոցների՝ ԱՄՆ նախագահը կարող է իր հրամանով պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան բանկերի դեմ, եթե հայտնաբերի, որ նրանք էական ֆինանսական գործարքներ են կնքել Իրանի Կենտրոնական բանկի հետ։
Այժմ Սենատի կողմից հաստատված այս օրինագիծը պետք է հավանության արժանանա նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, որպեսզի վերջնականապես ձեռք բերի օրենքի ուժ։ Սակայն Օբամայի վարչակազմը համակարծիք չէ դրա հետ՝ համարելով, որ նմանատիպ պատժամիջոցները կարող են հարվածել հենց ԱՄՆ-ին, քանի որ դրանք հավանության չեն արժանանա ԱՄՆ օտար գործընկերների կողմից։








































