Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան երեկ փոքրիկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի այսօր` մամլո ասուլիսում բացահայտելու են Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրոջ որդու հետ կապված քրեական գործի անօրինությունները և դրանք բաց նամակի ձևով ներկայացնելու են Սերժ Սարգսյանին: Հաղորդագրությունն այսպես է վերնագրված. «Նոր բացահայտումներ աղմկահարույց սպանության գործով` Գորիկ Հակոբյանն ու Աղվան Հովսեփյանը աջակցեցին Հովհաննես Շահինյանին»:
Դրա մեջ մասնավորապես ասված է. «2010 թ. մայիսի 12-ին Արաբկիր համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նախկին թաղապետ Հ. Շահինյանի քրոջ որդուն` Ա. Ահարոնյանին: 8 ամիս անց Գ. Հակոբյանի գրության հիման վրա Ա. Հովսեփյանը հանձնարարեց նոր քրեական գործ հարուցել, որի հետևանքով սպանության հոդվածով արդեն մեղադրանք առաջադրվեց, և դատարանը 14 տարի ազատազրկման դատապարտեց Վ. Բաղդասարյանին, քրեական գործով փաստերը խեղաթյուրելու պատճառաբանությամբ զբաղեցրած պաշտոնից ազատեցին և մեղադրանք առաջադրվեց ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ Հ. Թամամյանին, իսկ արդյունքում կրկնակի շահեց Հովհաննես Շահինյանը` քրոջ որդու մեղադրանքը փոփոխվեց…»: Մնացածը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը կներկայացնեն ասուլիսում:
Քանի որ «Առաջին լրատվական»-ը նախկինում անդրադարձել է այս գործին, մի փոքր առաջ ընկնելով` հիշեցնենք, որ նշյալ քրգործում անհասկանալի պահ կար. գործը դատարանում էր հայտնվել 2 մեղադրականով կամ լղոզած: Առաջին մեղադրական եզրակացությամբ` Արսեն Ահարոնյանը (Շահինյանի քրոջ որդին), Պետրոս Գրիգորյանը, Հայկ Սանդալջյանը, Արթուր Փոխարյանը, Նարեկ Օհանջանյանը համաձայնության գալով Խաչիկ Մկրտչյանի և նրա ընկերների հետ պարզաբանումներ կատարելու վերաբերյալ, նախապես վերցրել են ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփուշտներով և գնացել են Կոմիտասի պողոտայի 17 և 19 շենքերի մոտ, վիճել Խաչիկ Մկրտչյանի և նրա ընկերների հետ, դիտավորությամբ հայհոյանքներ են տվել միմյանց հասցեին, քաշքշել, մահակներով հարվածել իրար, ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Խ. Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 3 անգամ կրակել և սպանել են վերջինիս:
Մամուլում շրջանառված տեղեկություններով, հենց այս գործն էր «կոծկել» ոստիկանության ՔՀԳՎ պետ Հ. Թամամյանը, որից հետո էլ ազատվեց պաշտոնից և կալանավորվեց: Կասկած կար, որ Թամամյանի ցուցումով էր կոծկվել գործը. ըստ լուրերի` դեպքի մասնակիցների «հովանավոր» կողմերը` Հ. Շահինյանն ու Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, համաձայնության էին եկել, որ Շահինյանի ազգականն իր վրա վերցնի կոնկրետ սպանությունը, իսկ Լևոն Սարգսյանը դրա դիմաց ստանձնի դատարանում Շահինյանի ազգականի հարցերը «լուծելու» գործը: Սակայն խաղաքարտերը խառնվել էին, երբ Ա. Հովսեփյանը հրահանգել էր Շահինյանի քրոջ որդու վրա այնպիսի հոդված դնել, որը նախատեսում է 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն: Երբ Շահինյանը տեսել էր, որ ազգականին հնարավոր չէ փրկել` «ինքապաշտպանություն ձևակերպելով», իր մոտ էր կանչել սանիկին` Վռամին ու նրան հորդորել էր սպանությունը վերցնել իր վրա:
Ու չնայած Վռամը հրաժարվել էր, սակայն Թամամյանի ձերբակալությունից հետո սպանության մեղադրանքը, կարելի է ասել, հանվել էր (ոչ մի տեղ չի երևում, որ դատախազությունը հրաժարվել է նախնական մեղադրանքից) Շահինյանի քրոջ որդու վրայից և դրվել 32-ամյա Վռամ Բաղդասարյանի վրա: Նախնական մեղադրանքով, որտեղ սպանությունը դրված էր Շահինյանի ազգական Արսենի վրա, քրգործը մտել էր դատարան, սակայն հետաձգվել էր` հավանաբար ակնկալիքով, որ սույն գործից անջատված մասով` Թամամյանի գործով որոշ հանգամանքներ կպարզվեն: Սակայն նման բան տեղի չունեցավ. փոխարենը նախորդ մեղադրանքը մնաց, պարզապես դեպքին մասնակից կողմերից որպես մեղադրյալներ ներգրավվեցին ևս մեկական անձինք, որոնցից մեկը Դավիթ Սանդալջյանն էր, մյուսը` Վռամը:
Եվ ստացվեց, որ դատական նիստը հետաձգելու պատճառը 2 քրգործերը միացնելն էր: Դեռ դատաքննության ժամանակ Վռամի ծնողներն անհանգստացած էին, որ իրենց որդուն փորձում են քավության նոխազ դարձնել և դատապարտել չարած բանի համար: Օրինակ` նախաքննությունն անտեսել է, որ Խաչիկը մահացել է ոչ թե Վռամի «ՏՏ» ատրճանակից, այլ «Մակարովի» կրակոցից: «Ռազբորկայի» մասնակիցներից Պետրոս Գրիգորյանն ասել է, թե իր մոտ ընդհանրապես զենք չի եղել, սակայն բալիստիկ եզրակացությունը ցույց է տվել, որ հենց նրա գոտկատեղի վրա են եղել «Մակարովի» վառոդի, յուղի հետքերը: Ի դեպ, ընկերներ Պետրոս Գրիգորյանը և Արսեն Ահարոնյանը հրազենային վնասվածք էին ստացել Խաչիկ Մկրտչյանի կրակոցից…
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի









































