Այս շաբաթ ԱՄՆ դոլարը Հայաստանում ունի բոլոր հնարավորությունները շարունակել աճը՝ միջազգային ֆինանսական շուկաներում պահպանվող անկայունության ֆոնի վրա: Ամերիկյան արժույթի համար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում հաղթահարման շեմ կարող է լինել 385 դրամը: Սակայն ներքին շուկայում դոլարի աճին կարող է խանգարել Հայաստան եկող տրանսֆերտների ծավալի մեծացման արդյունքում շուկայում առաջարկի ավելացումը:
FOREX Club-ի վերլուծաբանների կարծիքով, այս շաբաթվա ընթացքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում հավանաբար կտատանվի 382-387 դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ ամերիկյան արժույթը վերականգնել է իր աճը դրամի նկատմամբ անցած շաբաթվա սահուն անկումից հետո: Դրան նպաստել է շուկայում առկա պահանջարկը, ինչպես նաև եվրոգոտու պարտքային խնդիրների լուծման անորոշությունը և միջազգային ֆինանսական հարթակներում դոլարի գնի աճը:







































