Գերմանիայի մայրաքաղաքում 8 մարդ հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ սուրբծննդյան տոնավաճառում խմել են անծանոթի առաջարկած խմիչքը: Այս մասին հաղորդում է Bild տապլոիդը:
«Մենք կանգնած էինք վաճառասեղանի մոտ, հանկարծ մեզ մոտեցավ հաճելի արտաքինով մի տղամարդ և պատմեց, որ մեկ շանբաթ առաջ հայր է դարձել»,- պատմում է տուժածներից մեկը: Այնուհետև, նրա խոսքերով, անծանոթը գրպանից հանել է լիմոնի օղու 3 փոքր շիշ և առաջարկել աղջիկներին միասին խմել իր երեխայի առողջության համար:
Պարբերականի տվալներով՝ շշում եղել է, այսպես կոչված, «հեղուկ էքստազի», որը փոքր քանակությամբ կարող է սեռական ցանկություն առաջացնել, իսկ մեծ քանակությամբ՝ այնպես ազդել մարդու վրա, որ վերջինս անգամ չհիշի՝ ինչ է իր հետ կատարվել:
Աղջիկները պատմել են, որ երբ իրենք վատ են զգացել, անծանոթը ներկայացել է որպես բժիշկ և առաջարկել նրանց տանել հիվանդանոց: Սակայն անցորդները, տեսնելով աղջիկներին, ոստիկանություն են կանչել, իսկ անծանոթն անհետացել է:
Շաբաթ երեկոյան Սանտա Կլաուսի նման հագնված մարդը նույն խմիչքից է առաջարկել նաև 15-ամյա մի աղջկա:












































