Մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու խնդիրը շարունակում է արդիական մնալ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
«Ամեն տարի այդ նպատակի համար գումար է հատկացվում, սակայն շատ դեպքերում մանկատան սաներն այդպես էլ բնակարանների հերթերում են մնում: Սա պոպուլիստական հայտարարություն չէ:
2007-2009 թվականներին պետբյուջեից մանկատան սաներին բնակարաններով ապահովելու համար ավելի քան 1 մլրդ դրամ է տրամադրվել, սակայն շատ դեպքերում անորակ բնակարաններ են կառուցվել, որտեղ ժողովրդի լեզվով ասած` «շունն էլ չի ապրի»:
Մեկ բան ևս. բանակ տանելու պահին Վանաձորի մանկատան սաներին գտնում, զորակոչում են, սակայն բանակից գալուց հետո նրանց մանկատնից փողոց են շպրտում»,- նկատեց Բախշյանը:
Ըստ Ա. Բախշյանի` օրենքներ հիմա էլ կան, սակայն դրանք չեն գործում: «Երկու տարի է` պետությունը մանկատան սաներին բնակարաններ հատկացնելու համար պետբյուջեից գումարներ չի հատկացնում, այդ ծրագիրը պետությունն ուղղակի չի կատարում: Չծախսված գումարները լափում են»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ իր հերթին նկատեց, որ պետք է պայքարել աղքատ կանանց և երեխաների խնդիրները վերացնելու ուղղությամբ:
«Մեր կառավարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում: Չնայած մեր բյուջեն անսահմանափակ չէ, սակայն վարչապետն ասաց, որ հաջորդ տարիների բյուջեներում ոլորտի խնդիրներին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, և խնամատար ընտանիքներին հատկացվող գումարի չափը կավելանա: Պետք է անել ամեն բան, որպեսզի խնամատար ընտանիքների թիվն ավելանա: Քարոզչությունն ու հետևողական աշխատանքը շատ կարևոր են»,- ասաց նա:
«Օրինաց երկիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն էլ ասաց, որ Հայաստանում պետք է երեխաների իրավունքների պաշտպանությունը նոր մակարդակի բարձրացնել:
«Մենք պետք է զբաղվենք մանկատան յուրաքանչյուր սանի խնդիրներով: Մեր վերաբերմունքը երեխաների հանդեպ պետք է փոխվի, մենք պետք է բացառենք նրանց մանկատներ հանձնելու պրակտիկան»,- ասաց նա:











































