Պետական լրատվամիջոցը հայտնում է, որ Եգիպտոսի բարձրաստիճան գեներալ, ֆելդմարշալ Մուհամադ Հուսեին Թանթավին այսօր այցելել է Կահիրեի Թահրիր հրապարակ, որտեղ ցուցարարները ճամբարում են արդեն ավելի քան 3 շաբաթ` պահանջելով ռազմական իշխանության անհապաղ դադարեցում:
Ֆելդմարշալը, որը Հոսնի Մուբարաքի ղեկավարման տարիներին երկու տասնամյակ պաշտպանության նախարարն է եղել, իշխող բանակի խորհրդի ղեկավարն է, որն եկել է իշխանության նախկին նախագահին փետրվարին սկսված հայտնի ապստամբության արդյունքում իշխանությունից հեռացնելուց հետո:
Պետական լրատվամիջոցը հայտնում է, որ Թանթավին անակնկալ այցն իրականացրել է՝ ստուգելու համար, թե ինչպիսին է երթևեկության վիճակը հրապարակում, որտեղով անցնում է հիմնական փողոցը, որը մինչ այս շաբաթ՝ ցույցերի ողջ ընթացքում, փակ է եղել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ցուցարարներն ասել են, որ տեղյակ չէին որևէ պաշտոնյայի այցից: Նրանք բարձրացրած պաստառներով պահանջում էին վերջ դնել ռազմական իշխանությանը, նաև պահանջում էին Թանթավիի անհապաղ հեռացումը իշխանությունից:
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ անցյալ ամիս ներքին գործերի նախարարության շենքի մոտ ցուցարարների և ոստիկանության միջև բախում էր տեղի ունեցել, ֆելդմարշալը հայտնել էր, որ նախագահական ընտրությունները կկայանան 2012 թվականի հունիսին` ավելի շուտ, քան նախատեսված էր ռազմական ժամանակացույցով:







































