Հոլիվուդյան աստղ Մերիլ Սթրիփն արժանացել է Նյու Յորքի կինոքննադատների հեղինակավոր մրցանակին՝ որպես տարվա լավագույն դերասանուհի՝ «Երկաթե լեդի» ֆիլմում Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին մարմնավորելու համար: Այս մասին հաղորդում է Newsru.com գործակալությունը:
Ֆիլմում դեպքերը զարգանում են ներկա փուլում, երբ բարոնուհի Թետչերը հետադարձ հայացք է գցում իր քաղաքական կարիերայի վրա, ինչպես նաև 1982 թ., երբ Ֆոլքլենդի պատերազմի նախօրեին փորձում էր փրկել իր կարիերան:
Իրականում Սթրիփի մարմանվորած վարչապետը հանդես է գալիս ոչ թե որպես Երկաթե լեդի, այլ տկարամտությամբ տառապող ծեր կին, որը տխրությամբ հիշում է իր քաղաքական կարիերան:
Բրիտանացիների կողմից մեծ հարգանք վայելող քաղաքական գործչի այդպիսի մարմնավորումը Մեծ Բրիտանիայում բացասական արձագանքներ է առաջացրել: Օրինակ՝ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ լորդ Թեբբիթը Սթրիփի խաղն անվանել է «հիստերիկ և ավելորդ հուզական»:
Ինքը՝ Սթրիփը, պատասխանել է, որ իրականում փորձել է ներկայացնել «նրա կենսագրության ճշմարիտ փաստերը, թեկուզև ամենևին ոչ ուրախալի»:
Նախքան ֆիլմի նկարահանումները դերասանուհին դիտել է Թետչերի հարցազրույցները և ելույթները՝ նրա ձայնի առոգանությունը և ժեստերի լեզուն յուրացնելու համար: Այնուհետև Սթրիփը զրուցել է Թետչերին մոտիկից ճանաչող մի շարք մարդկանց հետ:
«Մենք շատ մարդկանց հետ ենք խոսել, և նրանցից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Նրանք պատմում են ոչ միայն նրա ուժի, այլև թուլությունների, խոցելիության, նաև դաժանության մասին»,- պատմել է Սթրիփը:











































