Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ)՝ Սահմանադրական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է ԹԱՄԺ նախագահ Ջեմիլ Չիչեքը, որոշում է ընդունվել հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել նաև կրոնական փոքրամասնություններին։
Այդ նպատակով համապատասխան հրավերներ են ուղարկվել Պոսլո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, Հունաց պատրիարք Բարդուղեմիոսին, ասորական համայնքի հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթինին։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս էր հայտնել,որ նոր Սահմանադրության մշակման գործընթացը կավարտվի 2012 թվականի առաջին կեսին. «Այդ նպատակով ստեղծվելու է հատուկ կայք՝ www.yenianayasa.gov.tr (նոր Սահմանադրություն) և ուսումնասիրվելու է 60 երկրների Սահմանադրություն։
Դա վերաբերում է բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրներին։ Հատուկ ստեղծված Սահմանադրական հանձնաժողովի յուրաքանչյուր մասնագետ ուսումնասիրելու է մեկ երկրի Սահմանադրություն»։
Ի դեպ, 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:
Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման ուղղությամբ տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա տվյալ ուղղությամբ։







































