«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչով դիմել է ռուսական դաշնային հեռուստաալիքներից 1-ый канал-ի, Россия-ի և НТВ-ի լրատվական հաղորդումների խմբագրություններին:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կոչ-նամակներ են պատրաստել, որոնք «Չենք լռելու»-ի մոսկովյան ներկայացուցիչը նախօրեին ուղարկել է հեռուստաընկերություններին:
Նամակներում, մասնավորապես, ասվում է.
«Երբ առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում ձեր երկրի մայրաքաղաքի ամենակենտրոն են դուրս գալիս տասնյակ հազարավոր մարդիկ` ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց ընդվզումն արտահայտելու, իսկ ձեր եթերում միայն պաշտոնական տեղեկատվություն է, դա ոչ արհեստավարժ է:
Երբ քաղաքի կենտրոն է բերվում ռազմական տեխնիկա, իսկ դուք դրա մասին լռում եք` դա ոչ արհեստավարժ է: Երբ ծեծում և բերման են ենթարկում ձեր կոլեգաներին և դուք լռում եք` դա ուղղակի խայտառակություն է:
Դուք թաքցնում եք միլիոնավոր մարդկանցից կարևոր տեղեկատվություն, որն ունակ է, առնվազն, ազդել նրանց տրամադրվածության վրա: «Չենք լռելու»-ն պարգևատրում է ձեզ «Աղբ եթերից» մրցանակով, ինչպես նաև հորդորում աղբարկղը նետել նախկինում ստացած բոլոր ՏԵՖԻ-ները»:
Նախաձեռնությունը ցավ է հայտնում, որ հայկական հեռուստաընկերություններն ամեն ինչով փորձում են կրկնօրինակել իենց ռուս կոլեգաներին` այդ թվում վերջիններիս ցինիկ կողմնակալությունը:









































