Առնվազն անբարոյականություն է, երբ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը ԵԺԿ անդամի կրծքանշան է հանձնում Սերժ Սարգսյանին: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Հելսինկյան ասոցիացիա ՀԿ նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
«Եվրոպական այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, ինձ համար, որպես ժողովրդավարության ջատագովներ, սպառվել են, դրա համար էլ չեմ ուզում մեկնաբանել այն հիմարությունները, որ անում են ժողովրդավարության ներկայացուցիչները Եվրոպայում: Դրա վառ ապացույցը Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ արված եվրոպական տարբեր կառույցների կայացված որոշումներն են: Օրինակ՝ ԵԽԽՎ վեհաժողովում ընդունված՝ Մարտի 1-ի էջը փակող հայտնի բանաձևը, որի կայացմանը մասնակից էր նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: Այս կուսակցությունը ոտնահարում է մարդու իրավունքները»,- նկատեց Դանիելյանը:
Նշենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը երեկ ԵԺԿ անդամի կրծքանշան է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների ղեկավարների հավաքի պատվավոր հյուր Սերժ Սարգսյանին: