Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Իր ռուսական այցի շրջանակներում Աբիևը հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Անատոլի Սերդյուկովի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ռազմական ու ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում տիրող ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության ժամկետի երկարաձգման հարցը։
Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևն այս տարվա օգոստոսի կեսերին Մոսկվայում Անատոլի Սերդյուկովի հետ դարձյալ քննարկել է Գաբալայի ՌՏԿ-ի հարցը։ Իսկ դրանից առաջ էլ՝ հուլիսի վերջերին, Սերդյուկովն էր ժամանել Բաքու և բանակցել Գաբալայի ՌՏԿ-ի շուրջը։











































