«Հայացք» ակումբում այսօր հյուրընկալվել էր ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, որը խոսեց հայաստանյան ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների մասին:
ԲՀԿ-ի հետ համագործակցության` Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարության, ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումների, ԲՀԿ-ի լռության առիթով նա նշեց.
«Վերջին հանրահավաքին ներկայացվել է քաղաքագիտական վերլուծություն, քաղաքագիտական վարկած է ներկայացվել, հետևաբար քաղաքագիտական վերլուծության հետ կապված պատասխան չի կարելի ակնկալել»:
ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով նշեց, որ բազմաթիվ հարցեր են առաջանում, և հնչեցրեց դրանք. արդյոք ի վիճակի՞ է ԲՀԿ-ն ազատվել կամ ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանից, որն այս ժողովրդին ավելի շատ վնաս է պատճառել, քան Օսմանյան Թուրքիան, արդյոք ԲՀԿ-ն ի վիճակի՞ է հանդես գալ որպես ընդդիմություն, ավելին` որպես «արմատական ընդդիմություն», որը ցանկանում է Հայաստանում օրինական իշխանություն հաստատել, պատրա՞ստ է ԲՀԿ-ն 2008թ. նախագահական ընտրություններին քաղաքական գնահատական տալ, պատրա՞ստ է արդյոք դավանել այն արժեքային համակարգին, որին դավանում են Կոնգրեսը և նրանում ներգրավված ուժերը, արդյոք պատրա՞ստ է ԲՀԿ-ն դուրս գալ կոալիցիայից:
«Մի քաղաքական ուժ, որը խորհրդարանում ունի մեծամասնություն, ինչո՞ւ պետք է այլ ուժերի հետ կոալիցիա կազմի, երբ ի վիճակի է միայնակ կառավարություն կազմել: Ինչո՞ւ այդ ուժերին ներգրավեցին, եթե նրանք ինքնուրույն ուժեր էին: ՀՀԿ-ն պատասխանատվությունը նաև այլ ուժերի վրա էր բարդում: Այսօր, սակայն, բացի «Ժառանգությունից», բոլորը կիսում են պատասխանատվություն:
Կոնգրեսը որևէ պատասխան չի սպասում ԲՀԿ-ից: Կոնգրեսը իր անելիքը անելու է. Հայաստանում մարդու իրավունքների ապահովում: Կոնգրեսը ցանկանում է ստեղծել Հայաստան, որտեղ բոլորը օրենքի առաջ հավասար կլինեն»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
«Փետրվար-մարտ ամիսներին Կոնգրեսը սկսելու է ակտիվ քաղաքական զանգվածային միջոցառումներ և խնդիր է դնելու` հասնել Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ ընտրությունների պետք է գնանք քաղաքական խնդիրները լուծած:
Ես որևէ կասկասծ չունեմ, որ Հայաստանում քաղաքական վիճակ է փոխվելու: Այսօր իշխանությունը գտնվում է մի վիճակում, երբ մարդը կանգնած է հոսող ավազների վրա» :
Իր նպատակներին հասնելու համար Կոնգրեսը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի, անհատների հետ` նշեց նա:
Հարցին` ինչո՞ւ. Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության առիթով ՀԱԿ անդամ կուսակցությունների կողմից տարբեր կարծիքներ հնչեցին, Դ. Շահնազարյանը պատասխանեց` դա վկայում է այն մասին, որ ՀԱԿ-ի ներսում կան տարբեր կարծիքներ, մինչդեռ մինչև վերջերս ՀԱԿ-ին մեղադրում էին ներքին ժողովրդավարություն չունենալու մեջ.
«Կոնգրեսը միասնական է այնպես, ինչպես երբեք: Իսկ այն ուժերը, ովքեր պայքարում են ՀԱԿ-ի դեմ, ՀԱԿ-ը նրանց դեմ չի պայքարելու: Եթե այդ ուժերի երազանքը կատարվի, Հայաստանում ընդդիմությունը կհայտնվի «դիսիդենտական» կարգավիճակում»:
«Առաջին լրատվական»-ի հարցին` այնուամենայնիվ, ինքը կո՞ղմ է եղել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, Դ. Շահնազարյանը պատասխանեց. «Մեծ կասկածներ ունեմ, որ իմ նշած հարցադրումները ԲՀԿ-ն կարող է ի կատար ածել և դավանում է մեր արժեքներին»:








































