Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցագործությունների թիվը աճում է, և առաջանում են հանցագործության նոր տեսակներ: Այս մասին այսօր «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկմանը ասաց ՀՀ ոստիկանության ԿՀԿՊ ԳՎ առաջին վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնից Անդրեյ Յաշչյանը:
Միջոցառումը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը: Ըստ Յաշչյանի` Հայաստանում կիբերհանցագործության առավել տարածված տեսակներից են համակարգչային տեղեկատվությունը ապօրինի յուրացնելը, համացանցում պոռնոնյութեր տարածելը, սոցիալական կայքերում շորթումը և սպառնալիքը, զրպարտանքն ու վիրավորանքը:
«2008 թվականից ի վեր մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը և կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հովստրան: Նա նաև նշեց, որ այդ ոլորտում անելիքները դեռևս շատ են:
Ոստիկանության առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հավաստմամբ` թեև կիբերհանցագործությունները մշտապես ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են, այնուամենայնիվ այս ոլորտում խնդիրները շատ են և պահանջում են հրատապ լուծում:
ԵԱՀԿ նախաձեռնությամբ Եվրոպական համալսարանում կկազմակերպվեն դասընթացներ կիբերհանցագործության վերաբերյալ, որին կմասնակցեն ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները:









































