News Georgia-ի փոխանցմամբ, Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում հարցախույզ է անցկացրել Վրաստանում։ Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիք ունեցող 4000 մարդ։
Հարցախույզի մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին. «Եթե հաջորդ շաբաթ տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա որ կուսակցության օգտին կքվեարկեիք»։ Հարցախույզի մասնակիցների 42 տոկոսը նշել է իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը, 18 տոկոսը նախընտրում է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական թիմին (ով հայտարարել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, սակայն ներկայիս դրությամբ այն դեռ ստեղծված չէ.- 1in.am), 8 տոկոսը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» շարժմանը, 3 տոկոսը՝ լեյբորիստներին։
Ընդդիմության ներկայացուցիչներից ամենամեծ վստահությունը վայելում են «Քրիստոնեա-դեմոկրատական» շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն՝ 22 տոկոս և Բիձինա Իվանիշվիլին՝ 21 տոկոս։ Լեյբորիստների ղեկավար Շալվա Նաթելաշվիլիին վստահում է 4 տոկոսը, իսկ «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային՝ 3 տոկոսը։











































