ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության (Վրաստան) կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիա Աբուլաձեյի հետ:
Կողմերը քննարկել են «ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության միջև 2012-2014թթ. մշակութային համագործակցության մասին» նախապատրաստվող միջգերատեսչական ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության և Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության միջև համագործակցության զարգացման առկա հնարավորությունները:
Գ. Աբուլաձեն մասնավորապես նշել է աջարական կողմի պատրաստակամությունը Բաթումում հայ մշակույթի օրերի, համերգների, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու հարցում:
ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է աջարահայ աշակերտների շրջանում հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի պատմության դասավանդման որակը էապես բարելավելու, տեղի այլալեզու հայաշատ դպրոցներում մայրենիի ֆակուլտատիվ ուսուցում կազմակերպելու անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Աջարիայի համայնքային կազմակերպությունների հետ մոտ ապագայում հարցի համատեղ քննարկում կազմակերպելու վերաբերյալ:
Կողմերը կարևորել են Բաթում և Վանաձոր քույր քաղաքների միջև հասարակական, մշակութային, մարզական կապերի աշխուժացումը, քննարկել սպորտի ոլորտում փոխհամագործակցության հնարավորությունները:
Նույն օրը Գ. Իսրայելյանը հանդիպել է Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլիի հետ (նստավայրը` Բաթում):









































