ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` դեկտեմբերի 6-ին, ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:
Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների 6 ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմանդամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ:
Զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել անձամբ պաշտպանության նախարարից:
Ս. Օհանյանը, լսելով նախաքննության վերաբերյալ ծնողների դիտարկումները, հանձնարարություններ է տվել պատասխանատու ստորաբաժանումներին` նախաքննության վերաբերյալ ծնողների նկատառումները մանրակրկիտ ուսումնասիրելու և մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ:
Ընդունելությանը մասնակցած զինհաշմանդամների, ազատամարտիկների, զինծառայողների ծնողների, զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները հիմնականում սոցիալական, առողջական ու բնակարանային հարցերին էին վերաբերում:
Պնախարարը քաղաքացիների հարցերի մեծ մասին տվել է դրական պատասխան:







































