Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը:
Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել համայնքում իրականացվող ծրագրերին:
Ընդգծելով վարչական շրջանի ղեկավարի բազմակողմ աշխատանքի և պատասխանատվության բեռը՝ Տ. Մարգարյանը կարևորել է ամենօրյա հետևողական ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը, որը ունի միայն մեկ բանաձև՝ ի նպաստ Երևանի և երևանցու:
«Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», – նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տ. Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել ոչ միայն վարչական շրջաններում բնակիչների ընդունելությունների կազմակերպմանը, այլև բակային հանդիպումների միջոցով ևս ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին:
«Բնակիչների կողմից բարձրացված արդարացի, օբյեկտիվ հարցերը անարձագանք չպետք է մնան»,- շեշտել է քաղաքապետը:










































