Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով նոր ձերբակալություններ են գրանցվել։ Այս անգամ ձերբակալվել են «Այդընլըք» թերթի սեփականատեր և գլխավոր տնօրեն Մեհմեթ Սաբունջուն, 1 պաշտոնաթող դատախազ և 1 պաշտոնաթող զինվորական։
Սաբունջուն ձերբակալվել է Ստամբուլում։ Դրան փորձել են խոչընդոտել մի շարք անձինք, սակայն հատուկջոկատայինները ճնշել են այդ ակցիան։ Ձերբակալվածները մեղադրվում են «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։
Հիշեցնենք, որ ներկայումս «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալվածների թվաքանակն անցել է 300-ից։ Խոսքը գնում է տարբեր հոսանքների քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, արհմիութենական առաջնորդների ու ակտիվիստների, պաշտոնաթող զինվորականների, լրագրողների, համալսարանների դասախոսների ու ռեկտորների մասին:
«Էրգենեկոն»-ը գործող իշխանություններին տապալելու համար պլանավորել էր տասնյակ մահափորձեր իրագործել ու սրել իրավիճակը սուննիների ու ալեվիների, թուրքերի ու քրդերի միջև:
Այդ մահափորձերի արդյունքում նախատեսվում էր երկրի ներքաղաքական անկանոնության (որն առաջանալու էր ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումից) վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը: Փաստորեն, «Էրգենեկոնի» հիմնական նպատակը Թուրքիան որպես աշխարհիկ երկիր պահելն էր:







































