ԱԺ նիստի մեկնարկից առաջ խոշոր գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ը հարց ուղղեց` արդյոք ԱԺ նախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանի թեկնածությանը կո՞ղմ է քվեարկելու: «Իհարկե` այո»,- պատասխանեց նա: Մեր հարցին` ինչո՞ւ, պատասխանեց. «Որովհետև Նիկոյանը լավ է աշխատում»:
Այսինքն` վստա՞հ եք, որ նրա` ԱԺ նախագահի պաշտոնում աշխատելը կնպաստի ԱԺ դերի բարձրացմանը: «Այո»,- պատասխանեց Ալեքսանյանը:
Սամվել Ալեքսանյանին նաև հարցրինք, թե ինչ կանխատեսումներ ունի քաղաքական հնարավոր վերադասավորումների առնչությամբ: «Ես գուշակությամբ չեմ զբաղվում»,- պատասխանեց նա:
Մեր հարցին` իսկ ի՞նչ տեղեկություններ ունի Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև որոշակի լարվածության վերաբերյալ, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես ոչ մի լարվածություն չեմ նկատել, ես ԲՀԿ-ից որևէ մեկի հետ պրոբլեմ չունեմ»:
Մեր դիտարկմանը, թե վերջին օրերին ԲՀԿ-ական տարբեր գործիչների վերաբերյալ մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում ` Ալեքսանյանը պատասխանեց` «տեղյակ չեմ»: