Կորցնում ենք մեր հողերը, կորցնում ենք մեր ջուրը և մեր գոյության պայմանները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զառաֆյանը`խոսելով բնապահպանական հիմնախնդիրներից: Ըստ նրա` մենք օրեցօր կորցնում ենք մեր գոյության պայմանները: «Ի՞նչ է կատարվում այսօր: Մենք ականատեսն ենք, թե ինչպես է ընդլայնվում հանքարդյունաբերությունը, ինչպես են կրճատում մեր գոյության պայմանները»,- մեկնաբանեց Ի. Զառաֆյանը` հավելելով, որ Հայաստանն այնքան հող չունի, որ հենց այնպես կորցնի:
Անդրադառնալով Հանքավանում հանքի շահագործմանը` նա տեղեկացրեց, որ ծրագիրը ներկայացված է եղել հասարակական լսումների Բնապահպանության նախարարության կողմից: «Իսկ այսօր օրենք է փոխվում, որով կրճատվում է հասարակական լսումների թիվը: Ընդհանրապես այսօրվա օրենքի ընդունումը վկայում է, որ Բնապահպանության նախարարությունը ոչ թե պարզապես փորձում է բարեփոխել արդեն իսկ շատ սխալ գործընթացը, այլ՝ հակառակը»,- ամփոփեց Ի. Զառաֆյանը:
Նշենք, որ այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հակաէկոլոգիական օրինագիծը:









































