Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսուհետ վրացիները կարող են ունենալ օտար ազգանուններ։ Համապատասխան ուղղումն արվել է «Քաղաքացիական ակտերի մասին» օրենքում։
Օրինագծի համաձայն՝ այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են կրել օտար պետության պաշտոնական մարմնի կողմից իրենց տրված օտար ազգանունը։
Սակայն ազգանվան փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե քաղաքացու ծննդյան վկայականը գրանցված է Վրաստանում, և տվյալ անձը Վրաստանի քաղաքացիություն է ստացել միայն նրանից հետո, երբ լիազոր մարմինը նրան շնորհել է այլ ազգանուն։
Այս օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Կախա Անջափարիձեն ու Զվիադ Կուկավան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին էլ Վրաստանում արգելվել էր անձնանունների ընտրության ժամանակ անպարկեշտ ու վիրավորական բառերի գործածումը։
Նոր կանոնների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներին արգելվել է այնպիսի անձնանունների ընտրությունը, որոնցում առկա կլինեն անպարկեշտ ու վիրավորական բառեր, թվեր, կետադրական նշաններ, երկրաչափական ֆիգուրներ, գրաֆիկական պատկերներ, խորհրդանիշներ։
Բացի այդ, արգելվել է ազգանունների միավորումը, եթե ազգանուններից մեկը բաղկացած է երկու բաղադրիչից։











































