ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ ԿԳՆ և Finance.am պորտալի համատեղ «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:
Առաջին երեք տեղերը գրաված ուսանողները ստացան դրամական պարգևներ, իսկ մյուսները` հավաստագրեր:
«Մենք կարիք ունենք, որպեսզի կրթության ոլորտում մասնավոր հատվածի կողմից մասնակցություն լինի: Այն է` տնտեսական հատվածին մատակարարել համապատասխան որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ: Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի: Տնտեսագիտական նորարարական կադրերի հանդեպ պահանջարկը դեռևս կա: Մրցույթը նպատակ ուներ հայտնաբերելու պրպտող, նորարար ուսանողների, ովքեր կարող են նոր գաղափարներ ներկայացնել»,- նկատեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը երախտագիտություն հայտնեց մասնավոր հատվածին` ուսանողներին խրախուսելու քաղաքականություն ծավալելու համար: «Նման մրցույթները ցույց են տալիս, որ շատ լավ երեխաներ կան, պարզապես մենք նրանց չենք փնտրում, գտնում»,- ասաց Աշոտյանը:
Finance.am պորտալի տնօրեն Արա Ադուրյանն իր հերթին նկատեց, որ մրցույթն անցկացվել է առավելագույն անաչառության և օբյեկտիվության պարագայում: «Հույս ունեմ, որ կրկին կհամագործակցենք ԿԳՆ-ի հետ: Ունեցել ենք 40 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 7-ը: Չեմ խոստանում հաղթող ուսանողներին աշխատանքով ապահովել, սակայն կաջակցենք` իրենց տեղը համապատասխան ոլորտում գտնելու: Ժյուրիի կազմում եղել են ներկայացուցիչներ ֆինանսների նախարարությունից, ՊԵԿ-ից, ԿԳՆ-ից»,- նշեց նա:
Ժյուրիի անդամ, ԿԳՆ ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանն էլ կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին խորհուրդ կտար պրակտիկ բիզնեսի մասին առավելագույն պատկերացում կազմելու համար կարդալ «Ֆորդ»:











































