ԵԱՀԿ օրակարգում այս պահին առնվազն դրված է տարածաշրջանային իրավիճակը մեղմելու խնդիրը, որովհետև այս իրավիճակում ԼՂ կարգավորման մասին խոսելն իրատեսական ու լուրջ չէ, հետևաբար պատահական չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը առավելապես նվիրված լինի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին միջադեպերի կանխմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի նախատեսված հանդիպմանը:
«Տարածաշրջանում ստեղծված և զարգացող իրավիճակը ինքնին այլևս խոչընդոտ է ցանկացած լուծման հասնելու համար: Դրա պատճառներից մեկը ոչ միայն բանակցությունների ձևաչափի խեղաթյուրումն է և ԼՂ դուրսմղումը բանակցություններից, այլ նաև այն սպառազինությունների մրցավազքը, որ սադրել է Ադրբեջանը: Հետևաբար, տարիներ շարունակ Ադրբեջանում տարվող հակահայ քարոզչությունը պետք է իր հետևանքները թողներ, որովհետև կա թե՛ թշնամանք, թե՛ զենք, որը պետք է կրակի:
Նկատելի է, որ Աստանայի հանդիպումից սկսած, վերջացրած Կազանով, միջազգային հանրության հիմնական մտահոգությունների թեման առավելապես իրավիճակը հետ շրջելն է: Անգամ, երբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարն էր Հայաստանում, մեզ հետ հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր ենթակառույցներով մտահոգված է ստեղծված իրավիճակով»,- ամփոփեց պատգամավորը:











































