Հինգշաբթի օրը Ստամբուլում մուսուլման մի խումբ գործարարներ հայտարարել են 2012 թվականի սկզբին Facebook-ին նման սոցցանցի ստեղծման մասին, որն իր շուրջ է համախմբելու մուսուլման լսարանին:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, այն կոչվելու է SalamWorld.com: Սոցցանցի գլխավոր նպատակը «ընդհանուր աշխարհընկալման և իսլամի խելամիտ արժեքների օգնությամբ (մուսուլման) երիտասարդությանը միավորելն է, ինչպես նաև վնասակար տեղեկատվության տարածումից խուսափելը»,- հայտնել է կայքի հիմնադիրներից մեկը՝ Ահմեդ Ազիմովը:
Նոր սոցցանցի գլխավոր գրասենյակը գտնվելու է Ստամբուլում: Այն իր ներկայացուցչություններն է ունենալու Մոսկվայում և Կահիրեում, ինչպես նաև՝ համակարգողներ ավելի քան 30 երկրներում:
Կայքը գործարկվելու է 2012 թվականին և երեք տարվա ընթացքում ունենալու է 50 միլիոն օգտատեր:
Բացի օգտատերերի տեղադրած նյութերից, մուսուլմանների համար ստեղծվելու են այլ ծառայություններ`քաղաքների ուղեցույցներ, որոնք ցույց են տալու մզկիթների և «հալալ» սնունդների խանութների գտնվելու վայրը, դիստանցիոն ուսուցման ծառայություններ և աստվածաբանական կամ ընտանեկան հարցերի վերաբերյալ խորհրդատվական համակարգեր:
Նախագծի ֆինանսավորման առումով Ազիմովը նախընտրել է չնշել կոնկրետ թվեր: «Մենք գումար ունենք, այդ առումով խնդիր չունենք»,- ասել է նա` պարզաբանելով, որ որպես ներդրող են հանդես գալիս «մուսուլմանական աշխարհի մի խումբ գործարարներ»:







































