Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին կայացել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի և ԱՄՆ դեսպանության գինու և պանրի ամենամյա համտես-երեկոն:
Դեսպանության հաղորդագրության համաձայն` ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են հայաստանյան արտադրողի գինիների և պանրի տեսականին:
Դրանք այն արտադրողներն են, որոնք աջակցություն են ստացել Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի կողմից:
Այս տարի 8 գինեգործական ընկերություն և 10 պանրագործարան ներկայացրել էին 25 տեսակի հայկական գինի ու 14 տեսակի տեղական արտադրության պանիր:
Պանրի տեսականին ներառում էր Ռիկոտա, Գաուդա, խինկալի պանիր, կապուտ պանիր, Թոմմի այծի պանիր և ֆետա տեսակի այծի պանիր:
Ներկայումս ԱԳԶԿ-ն (CARD) հիմնադրամը համագործակցում է 36 պանրագործարանի և 12 գինեգործարանի հետ:
Մասնակիցները համտեսել են նաև աղանդերային գինի և «Արկոլադ» ընկերության շոկոլադները, որը օգտագործելով տարբեր տեսակի մրգաչրեր արտադրում է յուրօրինակ աղանդերներ տաղական և արտասահմանյան շուկաների համար:
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը աջակցում է գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսներին` սննդամթերքի ու հարակից ապրանքների արտադրության ու շուկայահանման հարցում:
Կենտրոնի աջակցությունն ուղղված է եկամտի աճի խթանմանը թե՛ գյուղի, և թե՛ ագրոբիզնեսի մակարդակում:
Աշխատելով ուղղակիորեն ֆերմերային տնտեսությունների հետ` կենտրոնն օգնում է վերջիններիս աշխատանքը վերածել շահութաբեր և արժեքավոր արտադրանքի:








































