ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է, որ Պակիստանի կառավարությունը մերժել է Վաշինգտոնի հրավերը միացյալ ուժերով հետաքննություն անցկացնել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Պակիստանի դեմ օդային հարձակման մանրամասները պարզելու համար:
English.news.cn կայքը գրել է, որ կարճ հայտարարության մեջ Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլն ասել է, որ պակիստանյան կողմին հրավիրել էին հետաքննությանը մասնակցելու, և որ ամերիկյան կողմը հավատում է, որ «նրանց մասնակցությունը շատ կարևոր կլինի այդ դժբախտ պատահարի մանրամասները պարզելու ժամանակ»: Պակիստանը «մինչ այժմ որոշել է չմասնակցել, բայց մենք միայն կողջունենք նրանց մասնակցությունը»:
Նա հավաստել է, որ Պակիստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են ԱՄՆ համար` ավելացնելով, որ ամերիկյան կողմը հավատում է, որ Պակիստանի հետ համագործակցությունը տարբեր հարցերում չափազանց էական է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Պակիստանի 24 զինվորներ սպանվել էին, 13-ը վիրավորվել, երբ ՆԱՏՕ-ն հարձակում էր գործել Մոհմանդի ցեղային տարածքում գտնվող Պակիստանի երկու բազաների վրա:








































