Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, դեկտեմբերի 17-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Այդ մասին տեղեկություն է տարածել կառավարության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը իր ղեկավարած ծառայությունում Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո ընդհատակ էր անցել` պատճառաբանելով, թե հիվանդ է: Մեր տեղեկություններով, ստուգումների արդյունքում պարզվել էր, որ Հայաստանում 50-60 հազար մեռյալ հոգիներ թոշակ են ստանում, որը ամսական կազմում է մոտ 4 մլն դոլար: Ընդ որում, պարզվել է, որ թոշակ են ստանում անգամ մարդիկ, ովքեր դեռ 18-19 տարի առաջ են մահացել: Մեր տեղեկություններով, համապատասխան մատյանները տարվել էին ԱԱԾ, այնտեղից վերջին երեք տարվա տվյալների մասով ստուգումներ էին սկսվել: Հետո ԱԱԾ-ն հրահանգ էր ստացել նախագահականից եւ անձամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանից` գործը դադարեցնելու մասին, ինչից հետո Խաչիկյանը, ասես ոչինչ էլ չի եղել, նորից սկսել էր աշխատանքի գալ: