Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, երկու իսլամիստական կուսակցություններ ստացել են ընտրողների ձայների 70%-ը:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության քաղաքական թևը՝«Ազատություն և արդարություն» կուսակցությունը, ստացել է ձայների շուրջ 40%-ը, «Սալաֆիական կուսակցությունը»՝ 30%-ը, իսկ աշխարհիկ «Եգիպտական բլոկը»՝ 20%-ը:
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ ավելի ուշ: Շրջաններում երկրորդ փուլը կսկսվի դեկտեմբերի 5-ին: Սպասվում է, որ ընտրությունները կշարունակվեն մինչև գալիք տարվա հունվարի սկիզբ:
Զինվորական խունտայի կողմից նշանակաված Քամալ Ալ-Գանզուրիի կառավարությունն իր լիազորությունները վայր կդնի միայն հուլիսին:
Չնայած այն բանին, որ իսլամիստները ստացել են ժողովրդական լայն աջակցություն, նրանց ծրագրի անկյունաքարային կետերը շարունակում են մութ մնալ: «Մուսուլման եղբայրները» հավատացնում են, որ իրենք կաջակցեն շուկայական տնտեսությանը, կամրապնդեն եգիպտական ֆունտը, կկրճատեն պետական բյուջեի դեֆիցիտը:
Նշենք, որ գալիք տարում ընթացիկ սոցիալական պարտավորությունները կատարելու համար Եգիպտոսին անհրաժեշտ կլինի առնվազն 10 մլն դոլար:







































