Ուկրաինայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2011 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր: «ՌԲԿ-Ուկրաինայի» հաղորդմամբ, համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Ղրիմում ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի 59-րդ նստաշրջանի ժամանակ, որին Ուկրաինայի ռազմական վարչության պատվիրակությունը մասնակցում է դիտորդի իրավունքով: Հանդիպումների ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման ուղիներին վերաբերող հարցեր, մասնավորապես ռազմական կրթության եւ գիտության, կրթական գործընթացներում արդի տեխնոլոգիաների կիրառման ոլորտին վերաբերող խնդիրներ: Քննարկվել է նաեւ խորհրդային ռազմական տեխնիկայի եւ սպառազինման արդիականացումը եւ թարմացումը, որոնք կիրառվում են ԱՊՀ երկրներում եւ գտնվում են Ուկրաինայի պաշտպանության նախարարության վերանորոգմամբ զբաղվող ընկերություններում եւ պաշտպանական արդյունաբերական արտադրամասերում: