Թուրքական İHLAS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Աբդուլլահ Գյուլը, պատասխանելով լրագրողների հարցերին, մի շարք խնդիրների հետ մեկտեղ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.
«Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում։ Իրավիճակն այնքան սառած է, որ փչելով չես հալեցնի։ Անհրաժեշտ է մի շարք նախաձեռնություններ ցուցաբերել։ Այն ժամանակ իրավիճակը նպաստավոր էր, սակայն մենք չկարողացանք ուղղակի համաձայնության գալ։ Յուրաքանչյուրը տարածաշրջանում հետապնդում էր իր շահերը։ Ի հայտ եկան բարդություններ, սակայն չի կարելի ասել, թե գործընթացն ամբողջովին մահացել է»։
Գյուլն անդրադարձել է նաև 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում տեղի ունեցած հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը.
«Ես Պետական վերահսկիչ խորհրդին հրահանգել եմ բացահայտել Դինքի սպանությունը և արդյունքների մասին զեկուցել ինձ։ Ես չեմ միջամտում տվյալ գործընթացին»։
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Գյուլը հայտարարել էր, թե Դինքի սպանության դատավարության հարցում ամոթ է զգում։