«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը (Նիկոսիա-Կիպրոս):
– Տիկին Գույումճյան, Ձեր խմբագրականներում անընդհատ անդրադառնում եք Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած իրադարձություններին: Կարևոր քաղաքական մշակույթի ձեռքբերում էիք համարում երկխոսությունը, որն առկախվեց: Հիմա կարծես հրաժարականների շղթա է սկսվել: Ի՞նչ տպավորություններ ունեք այս ամենից:
– Այս ամէնէն ես այն տպաւորութիւնն ունիմ, որ՝ քաղաքական նոր մշակոյթ ձևաւորելու փոխարէն, կամ հասարակութեան ընկերային-տնտեսական և այլ խնդիրներու լուծման ուղղութեամբ նոր ծրագիրներ մշակելու և առաջադրելու տեղ, ՀՀ-ի ներքաղաքական կեանքին մէջ տիրական է կարծէք իշխանութիւնը պահելու, զայն վերարտադրելու կամ զայն նուաճելու համար տարուող պայքարը: Նմանապէս, կը խորհիմ որ ՀՀ-էն ներս քաղաքականութիւնը շատ անձնաւորուած է… Հրաժարականներով կը խորհիմ որ միայն մակերեսային փոփոխութիւններ կարելի է յառաջ բերել… Մինչդեռ պահանջուածը՝ համակարգային լուրջ փոփոխութիւններ ըլլալու են: Օրինակ, փոփոխութիւններ, որոնք դէմ դնեն անօրինականութեան, կոռուպցիային, օլիկարխային իշխանութեան, կեղծուած ընտրութիւններու դրութեան… : Այսինքն՝ յառաջ բերեն երկրին մէջ խորքային բարեփոխութիւն և ոչ թէ ձևական կամ ինչ-որ քոզմետիկ կերպարանափոխութիւն: Ինչ կը վերաբերի քաղաքական նոր մշակոյթի ձևաւորման խնդրին, ճիշդ է, որ իշխանութիւն-ընդդիմութիւն երկխօսութիւնը՝ որպէս երկու գլխաւոր հակադիր ուժերու միջև կայացուող բանավէճի փորձ ողջունելի քայլ մըն էր, եթէ ըլլար անկեղծ գործընթաց, և ոչ՝ քաղաքական միաւորներ միայն ձեռք բերելու մակերեսային ինչ-որ գործարք…
– Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս հարցազրույցներից մեկում անդրադարձավ Հայաստանում միգրացիայի խնդրին` մասնավորապես նշելով, որ դրան նպաստում է մաֆիայի առկայությունը երկրում: Արդյոք համամի՞տ եք:
– Մաֆիա կը նշանակէ՝ ապօրինի մենաշնորհեալներու ինչ-որ քլան, որ երկիրը կը տանի դէպի օլիկարխացում, այսինքն՝ հարստութեան և իշխանութեան կուտակման քանի մը անձերու մօտ: Հետևաբար, օրէնքի և արդարութեան տեղ, երկրին մէջ կ’իշխեն կամայականութիւններն ու անարդարութիւնները…, իրենց անբաղձալի հետևանքներով: Այս իրավիճակը կրնայ որոշապէս նպաստել քաղաքացիներու բարոյա-հոգեբանական վիճակի անկման և երկրէն արտագաղթին:
– Նշանակում է` Դուք նկատում եք երկրում նաև բարոյահոգեբանակա՞ն վիճակի անկում: Եվ, ըստ Ձեզ, դրա պատճառները որտե՞ղ են:
– Որոշապէս կը նկատեմ ՀՀ քաղաքացիներու մօտ բարոյահոգեբանական վիճակի անկում կամ յուսալքում երկրին և իրենց ապագային նկատմամբ: Շատ-շատեր իրենց զաւակներու ապագան կը փնտռեն ՀՀ-էն դուրս, դժբախտաբար: Կարելի է՞ արդեօք օլիկարխիկ համակարգին վերջ դնել… : Որքան կը տեսնեմ, իշխանութիւնը ամէն ինչ կ’ընէ ինքզինք վերարտադրելու համար, իսկ ընդդիմութիւնը միաւորուած չէ յստակ և բոլորին մատչելի և ընդունելի ծրագրի մը շուրջ:
– Երկու ամիս առաջ Հայաստան-Սփյուռք ֆորումին հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը` նշելով, որ երկիրը դատարկվում է, իսկ իշխանությունները խրախուսում են այդ գործընթացը սխալ քաղաքականությամբ. «Փտածության, կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը և դրա դիմաց մտավորականների, գրողների, ուսուցիչների ու ընդհանրապես ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները բարեփոխումների խիստ անհրաժեշտություն են զգում»: Սակայն Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից երբևէ մնան բան չենք լսել: Ի՞նչ դեր պետք է խաղար այսօր եկեղեցին:
– Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, սփիւռքահայութեան անունով նաև, ճիշդ քննադատութիւններով է հանդէս եկեր ձեր նշած երևոյթներուն նկատմամբ…: Երբ խնդիրը կը վերաբերի հայութեան ու Հայաստանի լինելութեան գերխնդիրներուն, Հոգևոր պետերը պէտք է որ կեցուածք ու վերաբերմունք հանդէս բերեն և ուղղութիւն թելադրեն մեր ժողովուրդին…: Ես կը խորհիմ, որ մեր զոյգ Կաթողիկոսները նաև մատնանշելու էին հոգևոր և բարոյական մթնոլորտի առողջացման հրամայական անհրաժեշտութիւնը մեր հանրապետութենէն ներս, ուր առաւելաբար կը թագաւորէ ոսկէ հորթի պաշտամունքը: Այս մասին, անոնք նոյնիսկ պարտաւոր են իրենց ծանրակշիռ խօսքը ըսել: Այսօր, մեր եկեղեցւոյ դերը ես կը տեսնեմ առաւելաբար մեր ժողովուրդը՝ իր հոգևոր ու բարոյական արժէքներուն վերադարձնելու, անոնցմով զայն զինելու գերագոյն առաքելութեան կենսագործման մէջ… մանաւանդ Նիւթի տիրապետութեան մեր ժամանակներուն:
– Դուք շատ եք անդրադառնում սփյուռքի խնդիրներին` մասնավորապես նշելով, որ սփյուռքը խելացի և պատրաստված մարդկանց կարիք ունի: Ի՞նչ կարող են փոխել խելացի մարդիկ սփյուռքի կյանքում:
– Ես կը շեշտեմ սփիւռքի մէջ տակաւ ընդգծուող՝ հայօրէն պատրաստուած, գիտակից մարդուժի պակասը ազգային կառոյցներէն ներս և ընդհանրապէս…: Մեզի կենսականօրէն անհրաժեշտ են նման քատրեր, որ կարենան հայապահպանումի, Հայ դատի պահանջատիրութեան և, ինչու չէ, սփիւռքի վերակազմակերպման գերխնդիրները յառաջ տանիլ հմտութեամբ և գիտակից պատասխանատուութեամբ: Վերջապէս, կը հաւատամ, որ զօրաւոր սփիւռք մը անհրաժեշտ է նաև Հայաստանի Հանրապետութեան հզօրացման համար: Իսկ իր արմատներէն հեռացած և ապաքաղաքականացած սփիւռք մը արդէն վերածուած կ’ըլլայ փերեզակներու անդիմագիծ զանգուածի…
– Ստացվում է՝ այդքան համաժողովները, որոնք կազմակերպվում են Հայաստան-Սփյուռք շրջանակներում, մեծ հաշվով, ֆորմա՞լ են: Եվ ինչո՞ւ Հայաստանը սփյուռքի համար գայթակղիչ չէ:
– Այդ համաժողովները, որոնցմէ երկուքին միայն ներկայ գտնուած եմ, շատ մակերեսային են, տեսակ մը հայրենասիրական զգացումները շոյող և լաւագոյն պարագային տեսական առաջարկներ շօշափող ամպիոն… որ ինչ-որ տեղ օգտակար են Հայաստան-սփիւռք փոխ-ծանօթացման և փոխ-ճանաչման համար… Սակայն կը խորհիմ, որ ա՛լ պահը հասած է աւելի իմաստուն դառնալու և Հայաստան-Սփիւռք համագործակցութեան արդիւնաւէտ մեքանիզմներ մշակելու, երկարաշունչ և հետևողական ծրագիրներու համար…: Հայաստանը միշտ ալ մեզ կանչող փարոս է, ազգային ներշնչման կենարար աղբիւր, ինչ ալ ըլլայ պարագան…ահա թէ ինչու սրտացաւօրէն կը քննադատենք որոշ երևոյթներ, զայն աւելի հզօր ու բարձր տեսնելու գերագոյն նպատակով…
– Տեսակետ կա, որ սփյուռքին Հայաստանի իշխանությունները «կթու կովի» տեղ են դրել, միայն ֆինանսական աջակցության մասին են մտածում: Համամի՞տ եք արդյոք:
– Ընդհանրապէս կայ ՀՀ իշխանութեանց մօտ այդ մօտեցումը սփիւռքին նկատմամբ… այսինքն կայ՝ «դուք օգնեցէք, բայց մի՛ խառնուիք»-ի վարքագիծը: Մինչդեռ սփիւռքը պէտք է իր խօսքը ունենայ այն հարցերուն մասին, որոնք կը վերաբերին համազգային անվտանգութեան և հայեցի լինելութեան գերխնդիրներուն… Անշուշտ պէտք է ըսել որ սփիւռքն ալ լիարժէք չէ ներկայացուած՝ իր աւանդական կառոյցներու ներկայացուցիչներով միայն: Այսինքն՝ սփիւռքը պէտք է ստեղծէ իր Լիազօր ներկայացուցչական մարմինը՝ ժողովրդավարական հիմունքներով ընտրուած: Այլապէս, իր հաւաքական հարազատ ձայնը լսելի չըլլար այդ համաժողովներուն և ընդհանրապէս…: Սա շատ բարդ խնդիր է, բայց ոչ-անիրագործելի, եթէ ցուցաբերենք անհրաժեշտ քաղաքական կամքը:











































