Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը փառասեր է և շատ գումար է սիրում, այդ է պատճառը, որ նրան սերիալներում տեսնել հնարավոր չէ: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսին:
Անդրադառնալով սերիալների որակին` նա նկատեց, որ հեռուստադիտողը միշտ հնարավորություն ունի դիտելու կամ չդիտելու դրանք, փոխելու կամ չփոխելու ալիքը:
«Մինչդեռ սերիալների կրկնություններն ինտերնետում ռեկորդային դիտումներ են հավաքում: Ինչ վերաբերում է սկսնակ դերասաններին, ապա սերիալները նրանց համար կարող են ճահիճ դառնալ: Միաժամանակ կան դերասաններ, ովքեր ծաղկում, բացահայտվում են հենց սերիալներում»,- նկատեց դերասանուհին:
Ըստ նրա` անթույլատրելի է, որ սերիալներում նկարահանվեն ոչ պրոֆեսիոնալներ` «փողոցից բռնած տաքսու վարորդներ», ովքեր, չգիտես ինչպես, հայտնվում են կադրում և էժանացնում դերասանի մասնագիտությունը:









































